Загрузка...

Իսկական հրաշք. 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան վերականգնվում է (ֆոտո)

Загрузка...

Վիքսոնների ընտանիքը Հայաստան է եկել ԱՄՆ-ից արձակուրդն այստեղ անցկացնելու համար: Նրանք հույս ունեին տեսնել Երեւանի տեսարժան վայրերն ու լավ ժամանակ անցկացնել, սակայն դրա փոխարեն արդեն 2 շաբաթ է օր ու գիշեր անցկացնում են հիվանդանոցում: Վիքսոն զույգի որդին՝ 2.5-ամյա Ադվինը, ընկել էր 6-րդ հարկից եւ հրաշքով ողջ մնացել՝ ստանալով բազմաթիվ վնասվածքներ: Այժմ նա վերականգնվում է հիվանդանոցում, եւ բժիշկները հավաստիացնում են, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի:

Նրանք առաջին անգամ են Հայաստանում, ինչպես լրագրողներին պատմել է տղայի հայրը՝ Արթինը: Ժամանել էին գիշերը ժամը 2-ին եւ անմիջապես պառկել քնելու իրենց վարձակալած բնակարանում: Առավոտյան՝ նախաճաշի ժամանակ, ավագ որդուն նստեցրել էին պատուհանագոգին: Հոր խոսքով՝ նրանք չգիտեին ինչպես են կառուցված Հայաստանում պատուհաններին մոծապաշտպան ցանցերը եւ այդ պատճառով չեն կարծել, որ պատուհանագոգին կարող է վտանգավոր լինել. նրանց մոտ ԱՄՆ-ում պատուհանները տարբեր են եւ ցանցերը այդպիսի հեշտությամբ դուրս չեն բացվում:

Նախաճաշից հետո երեխան հենվել էր ցանցին փողոցին նայելու համար եւ ընկել պատուհանից: Մայրը բղավելով նետվել էր նրա մոտ՝ ցանկանալով բռնել նրա ոտքից, սակայն չէր հասցրել.փոքրիկն ընկել էր ցած:

Խուճապահար ծնողները վազել էին ներքեւ, որտեղ արդեն հավաքվել էր բազմությունը: Ցավոք, երեխան ընկել էր ոչ թե հողին, այլ ասֆալտին: Կանչել էին շտապ օգնություն եւ երեխային տեղափոխել էին հիվանդանոց:

Արթինը խոստովանել է, որ առաջին օրը նրանք տիկնոջ հետ անգամ հույս չունեին, որ իրենց որդին ողջ կմնա: Սակայն հետո հասկացել են, որ ամեն ինչ լավ կլինի:

 «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ բժշկուհի Աննա Չոբանյանը պատմել է, որ երեխայի մոտ գրանցվել է գանգի ցիրկուլյար կոտրվածք, ուղեղի վնասվածք, ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածք, ինչպես նաեւ աջ ոտքի կոտրվածքներ:

Երեխային անմիջապես տեղավորել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 4 օր անց երեխան սկսել է ինքնուրույն շնչել եւ բացել է աչքերը, իսկ կարճ ժամանակ անց վերականգնվել է նաեւ գիտակցությունը: Երբ նրա վիճակը լիովին կայունացել է, երեխայի ոտքը վիրահատել են: Այժմ նա կարող է ազատորեն շարժել երկու ոտքերը եւ ձախ ձեռքը. աջ ձեռքը դեռեւս գիպսում է: Բժիշկների խոսքով՝ որոշ ժամանակ անց երեխան լիովին կվերականգնվի եւ կկարողանա քայլել: 2-3 շաբաթից նա դուրս կգրվի հիվանդանոցից:

Այսօր փոքրիկին տեսակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: Լրագրողների հետ զրույցում նա խոստովանել է, որ անգամ չէր ակնկալում տեսնել երեխային այդպիսի լավ վիճակում. փոքրիկը ժպտում էր եւ բավականին ակտիվ էր:

Загрузка...

Be the first to comment on "Իսկական հրաշք. 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան վերականգնվում է (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*