Ո՞վ է դատելու Սերժ Սարգսյանին

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Վահե Միսակյանին։

Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ իրենց վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի քսանհինգից փետրվարի յոթն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Նման աշխույժ, հասարակական հնչեղություն ունեցող գործերում խիստ կարևոր է դատավորի անձը։ Գաղտնիք չէ, որ դատական համակարգը մեզանում գտնվում է ինստիտուցիոնալ խորքային ճգնաժամի մեջ, ինչն առանձնահատուկ է դարձնում դատավորի անձը, նրա հարաբերությունները նախորդ համակարգի հետ, անկախության մակարդակը։

Վահե Միսակյանը Երևանի ընդհանուր իրավասության դատավոր է նշանակվել 2019-ի վերջին, իսկ 2017-ից եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Ինչպես տեսնում ենք՝ Միսակյանի մասնագիտական կենսագրությունը բավականին կարճ է ու նա՝ թեև դատավոր է նշանակվել Սերժ Սարգսյանի միջոցով, բայց, ըստ էության, չի հասցրել ադապտացվել նախկին կոռումպացված համակարգին, ավելին՝ Երևան է տեղափոխվել արդեն հեղափոխությունից հետո՝ ըստ էության, պարտական չլինելով նախկիններին։

Այս առերևույթ հանգամանքները հույս են ներշնչում, որ Միսակյանին չի կարող կաշկանդել նախկինների հանգամանքը ու թերևս կարող ենք բնականոն դատավարության հույսեր ունենալ։

Մյուս կողմից՝ շատ ավելի էական է , թե դատական գործընթացի ժամանակ ինչպիսի վարքագիծ կդրսևորի պաշտպանական թիմը, մասնավորապես՝ 3-րդ նախագահի գլխավորությամբ։

Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ դա համարելով քաղաքական հետապնդում։ Արդյո՞ք սա ենթադրում է, որ նրա պաշտպանական թիմը որդեգրելու է նույն ագրեսիվ մարտավարությունն, ինչով աչքի է ընկնում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Տրմաբանությունը ասում է, որ դա այդպես է լինելու, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին էսկալացիան անհրաժեշտ չէ, քանի որ նա, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, կալանքի տակ չէ եւ ավելի անկաշկանդ պաշտպանություն որդեգրելու հնարավորություն ունի։

Շուտով Հայաստանում կընթանա երկու զուգահեռ դատավարություն, որոնց հիմնական ֆիգուրանտները երկու նախկին նախագահներն են, որոնք, իհարկե, պայքարելու են ոչ միայն իշխանությունների, այլ նաև՝ միմյանց դեմ՝ հին համակարգի կամ ընդդիմության լիդերության նպատակով։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *