Երեկվա ու այսօրվա առեւտուրը նույնը չէ. խանութներում խուճապ չկա, մարդիկ առօրյա առեւտուրն են անում

Կիրակի Հայաստանում կորոնավիրուսի 1-ին դեպքի վերբարեյալ հայտարարվելուց հետո հանրության շրջանում որոշակի խուճապ է սկսվել: Մայրաքաղաքում սովորականից շատ էր մարդկանց շարժն ու առեւտուրը: Բացի բժշկական դիմակներից եւ սպիրտից, մեծացել էր նաեւ պարենային մթերքների պահանջարկը: Շուտով սկսեցին լուրեր շրջանառվել, թե Երեւանում սկսել են հացահատիկի, բուսայուղի եւ անհրաժեշտ նպարեղենի պաշար կուտակել: Օրվա 2-րդ կեսից հետո համացանցում հայտնվեցին խանութների դատարկված դարակների լուսանկարներ:

Բայց այսօր «Հայկական ժամանակի» շրջայցի ժամանակ պատկերը բոլորովին ուրիշ էր: Երեւանի խանութներում ամենևին էլ խուճապ չկար: Մարդիկ առօրյա իրենց առեւտրով էին զբաղված: Ընդհանուր մթնոլորտն էլ սովորականից համարյա չէր զանազանվում, միայն բժշկական դիմակներով շրջողների թիվն էր շատացել:

Խանութների աշխատողները «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեցին՝ երեկ իսկապես ակտիվ են եղել հաճախորդները, բավականին շատ առեւտուր են արել: «Այսօր արտառոց բան չենք նկատել, ուտելիքի բաժիններում այս տեմպը միշտ էլ կա: Սակայն երեկվա ու այսօրվա առեւտուրը նույնը չէ»,- ասացին նրանք:

Մրգի եւ բանջարեղնի բաժնի աշխատակիցներն էլ վերջին օրերի ակտիվ առեւտուրը բացատրեցին գարնան գալով. «Դե, գարուն է, մարդիկ երեւի ձգտում են թարմ միրգ ու բանջարեղեն շատ ուտել»: Այն մարդիկ, որոնց զամբյուղները սովորականից շատ էին, որպես կանոն, ասացին, որ առեւտուր են արել իրենց գրասենյակի, կոլեկտիվի անդամների կամ ընդհանուր որեւէ աշխատանքային կենտրոնի համար: Նրանց ընտրած տեսականին եւս հուշում էր՝ պարզապես մեծ խմբով ընդմիջում են անելու:

Օրվա 1-ին կեսին խանութներում գերակշռում էին հիմնականում մեծահասակ եւ թոշակառու մարդիկ: Զամբյուղներում իրենց առօրյա առեւտուրն էր՝ ըստ երեւույթին: Անգամ այն մարդիկ, որոնք սովորականից մի փոքր աչքի ընկնող առեւտուր էին արել, մեզ հետ զրույցում նշեցին, որ սա իրենց ամենօրյա գնումների մի մասին է կազմում:

Հարցվածներից բոլորը նշեցին, որ չեն պատրաստվում մի քանի օրվա առեւտուր անել: Բոլորը գնել էին 1-ին անհրաժեշտության պարագաներ ու մթերքներ:

Մի պապիկ էլ, որը բավականին շատ առեւտուր էր արել, մեր հարցին, թե կորոնավիրուսի պատճառով է ամեն ինչից շատ գնել, մի քիչ զայրացած՝ պատասխանեց. «Ո՛չ: Ինչի՞ մասին է խոսքը, սա իմ ամենօրյա առեւտուրն է, մի ողջ ընտանիքի համար է: Ոչ ոք էլ վիրուսից չի վախեցել ու խուճապի չի մատնվել, լրատվամիջոցներդ եք խուճապ առաջացնում, սակայն ինչի՞ համար, դրա կարիքը հաստատ չկա»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *