Newmag-ը հրատարակել է «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը (տեսանյութ)

Ինչպես հասցնել ամեն ինչ, հաղթահարել աշխատանքային օրվա լարվածությունը ու պահպանել հոգեկան հավասարակշռությունը: «Նյումեգը» ներկայացնում է Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը։ Գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանը ասում է, թե թարգմանելուն զուգահեռ՝ կիրառել է Դեյվիդ Ալենի խորհուրդներն ու գրքի թարգմանությունն ավելի հեշտ է ստացվել:

Դեյվիդ Ալենը գործնական խորհուրդներով ներկայացնում է՝ ինչպես ունենալ ավելի շատ էներգիա, լինել հանգիստ, կենտրոնացած, հասնել ավելիին՝ գործադրելով քիչ ջանք: Գիրքը հրատարակվել է երեսուն երկրում, վաճառվել մի քանի միլիոն օրինակ: «Նյու Յորք Թայմսն» այն անվանել է վերջին տասնամյակի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը:

«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքի թարգմանության խմբագիրը Տաթևիկ Նալբանդյանն է, ով նշեց՝ հեղինակը խորհուրդ է տալիս հանել մտքից ավելորդ ինֆորմացիան ու անհանգստությունը, դրա պահպանումը վստահելով համակարգչին:
Գիրքն անձնական արդյունավետությունը բարձրացնելու բացահայտումների վերաբերյալ է: Սա նվազագույն ներդրումներով առավելագույն արդյունքի հասնելու ուղեցույց է:

Դեյվիդ Ալենը բացատրում է նպատակներ սահմանելու, հանգստանալու կարևորությունը և մատուցում պարզ ուղեցույցներ՝ գործերը կարգի բերելու նպատակով: Նա իր անունով հիմնել է ընկերություն, որը շատ երկրներում ինքնազարգացման դասընթացեր է կազմակերպում:

Տարիներ առաջ Դեյվիդ Ալենի հետ հանդիպել է անձնական աճի մարզիչ Սերգեյ Ուսնունցը: Անձնական օրինակով ու գրքի խորհուրդները կիրառելով Սերգեյ Ուսնունցը հասցրել է կարգի բերել ողջ գործերը, հմտանալ բիզնեսում ու հիմնել ընկերություն:
Հեղինակը աշխատությունը բաժանել է 3 մասի, սկզբում նկարագրել է ընդհանուր համակարգը, հետո մանրամասն ներկայացրել մեթոդների կիրառությունը և գիրքն ամփոփել ակնկալիքներով:

«Ինչպես հասցնել բոլոր գործերը» համաշխարհային բեսթսելլերը հիանալի նվեր է բոլոր զբաղված մարդկանց համար: Newmag-ն առաջարկում է կարդալ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն ու ամեն ինչ հասցնել:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *