Կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա առավելագույնը կարող է լինել 1-ից 1.1 տրլն դոլար. տնտեսագետ

Հիմա կորոնավիրուսն ազդում է հիմնականում տուրիզմի ոլորտի եւ մանրածախ առեւտրի, հատկապես էլեկտրոնային առեւտրի ոլորտի վրա: ՀԺ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության պետական տնտեսագիտական համալսարանի Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը:

Հավելենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ աշխարհում կտրուկ նվազումներ են նկատվել արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի թողարկման ծավալներում: Կորոնավիրուսի տարածման երկիրը՝ Չինաստանը, աշխարհի արդյունաբերական արտադրանքի ավելի քան 1/5-րդ մասն է արտահանում, սակայն նույն Չինաստանում մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ այս պահին չեն աշխատում:

Թեմայի մասին մեր մի քանի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը:

— Պարո՛ն Քթոյան, ի՞նչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսը համաշխարհային տնտեսության վրա:

— Ընդհանրապես ամբողջ այն գնահատականները, որոնք տվյալ պահին կան, ավելի շատ կապված են սպառողական վարքագծի փոփոխության հետ: Այսինքն՝ խնդիրներից 1-ն այն է, որ սպառողը փոխում է իր վարքագիծը: Իսկ թե ապագայում ինչ զարգացումներ կլինեն, կախված է նրանից, թե կորոնավիրուսն ինչ հետագծով կզարգանա:

Ընդհանուր առավելագույն վնասի գնահատականը, որն այսօր հնչեցվել է, մեկից 1.1 տրիլիոն դոլարի հնարավոր ազդեցությունն է համաշխարհային տնտեսության վրա: Սա այն սցենարի դեպքում, երբ կորոնավիրուսը ճանաչվի՝ որպես պանդեմիա, սակայն այդ հեռանկարն այս պահին դեռեւս շատ հեռու է իրականությունից:

Պանդեմիան համատարած վարակումն է՝ մեծ մասշտաբով: Եթե սովորական զանազան հիվանդությունների դեպքում մեկից հինգ տոկոս հիվանդացությունն է որպես շեմ ընդունվում, ապա պանդեմիան դրանից մեկ կարգ բարձր է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռեւս չի շտապում՝ որպես պանդեմիա հայտարարել, որովհետև կորոնավիրուսն այդպիսին չէ: Ուղղակի անհայտ վիրուսի տարածում է, որի իմունիտետ եւ պատվաստանյութ չկա:

Իսկ կոնկրետ այս պահին վնասի գնահատականը հետեւյալ կերպ է հաշվվում. ասենք, ֆոնդային շուկայում տեղի է ունենում արժեթղթերի գնանկման գործընթաց, ու եթե այդ գնանկման չափը բազմապատկենք արժեթղթերի քանակով, հնարավոր է՝ մեկ շաբաթվա
ընթացքում որոշակի կորուստ արձանագրվի:

Նույն հաջողությամբ ասում են՝ աշխարհի միլիարդատերերը չորս հարյուր միլիարդ դոլար են կորցրել, այսինքն՝ նրանց կարողությունն այդ պահի դրությամբ քչացել է: Սակայնհաջորդ պահին, երբ այս խուճապային տրամադրությունները վերանան, այդ ֆոնդային շուկայի ինդեքսները կարող են վերականգնվել: Այսինքն՝ սա ռեալ կորուստ չէ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *