«իԳործ» ծրագրով Հայաստան հրավիրվող մասնագետներին կեցության ծախսի համար կտրամադրվի 336,000 դրամ. աշխատավարձ չի լինի

Սփյուռքում ապրող եւ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող քսան երիտասարդներ հնարավորություն կունենան 1 տարով աշխատել Հայաստանի Հանրապետության նախարարություններում ու գերատեսչություններում: Կառավարությունը սկսում է իրականացնել «իԳործ» ծրագիրը, որի նպատակն է աշխարհի լավագույն համալսարանները ավարտած, բարձր մասնագիտական կարողություններ ունեցող հայրենակիցներին ներգրավել Հայաստանի Հանրապետության կառավարական համակարգում՝ պրակտիկանտի կարգավիճակով:

Ծրագրի վերաբերյալ մարտի վեցին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Վերջինս նկատեց, որ գրեթե ողջ նախարարություններն ու գերատեսչությունները մասնակցում են ծրագրին, ուղարկել են ցուցակ, թե ինչ մասնագետների կարիք ունեն:

Ծրագիրը 1 տարով է: Կմեկնարկի 2020 թվականի հուլիսի մեկին եւ կավարտվի 2021 թվականի հունիսի երեսունին: Դիմորդները մինչեւ ապրիլի տասնհինգը հնարավորություն ունեն լրացնելու իրենց տվյալներն ու մասնակցության հայտ ներկայացնել: Իսկ ապրիլի երեսունին արդեն նրանք պատասխան կստանան:

«Կառավարությունն այս քսան անձանց համար հոգում է ե՛ւ Հայաստան տեղափոխվելը, ե՛ւ 336 հազար դրամ կեցության ծախսերի գումարը, որ հնարավոր դարձնի այս մարդկանց համար Հայաստանում գտնվելը եւ այդ 1 տարին աշխատել՝ իրենց մասնագիտական գիտելիքները տրամադրելով հայրենիքին»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Նա ասաց, որ վերոնշյալ ծրագրով իրենք ոչ միայն ուզում են ամրապնդել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապը, այլ նաեւ հույս ունեն, որ ծրագրով հետաքրքրված մարդկանցից որոշները կմնան Հայաստանում եւ ընդմիշտ կդառնան կառավարման համակարգի մասնիկը:

Վարչապետի հարցին, թե ո՞ր նախարարություններն են մասնակցում ծրագրին, Սինանյանը պատասխանեց, որ բացի Պաշտպանության նախարարությունից ու ատոմային էներգիայի հետ առնչվող կառավարական մարմնից, ողջ նախարարությունները ցուցակներ են ներկայացրել: Վարչապետը նաեւ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են ընտրվում մասնակիցները: Սինանյանը պատասխանեց, որ ընտրությունը լինելու է մրցութային կարգով եւ մասնակիցներն ընտրվելու են՝ ըստ նախարարությունների պահանջների:

Փաշինյանի մեկ այլ հարցին, թե արդյո՞ք դիմում-հայտերն ընդունվելու համար հրապարակվելիք հղման մեջ երեւում են այն հաստիքները, որոնք առաջարկում են գերատեսչությունները, Սինանյանը բացասական պատասխան տվեց: «Հղման մեջ չի երեւում, բայց մենք հանրայնորեն տարածելու ենք, թե ինչ հաստիքներ կան»,- ասաց նա:

Ավելի ուշ «Հայկական ժամանակը» Զարեհ Սինյանից ճշտեց, թե ովքեր են ընտրելու այդ 20 հոգուն: Ընտրող հանձնաժողով կա՞ արդեն, թե՞ դեռ ոչ եւ ի՞նչ սկզբունքով է կատարվելու ընտրությունը: Նա նշեց, որ ուսումնասիրելու են հայտերը եւ բաշխելու են ըստ նախարարությունների ու գերատեսչությունների: Հետագա ընտրությունը փաստորեն թողնվելու է մասնագետների պահանջարկ ձեւավորած պետական մարմիններին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *