Մանկատան սան Անգելինա Պապիկյանը իր հիասքանչ կատարմամբ ցնցել է «Ты супер!» նախագծի ժյուրիին

«Ты супер!»-ը ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համատեղ նախագիծն է, որն ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին: Մրցույթին մասնակցում են մանկատների, գիշերօթիկ դպրոցների սաները, ինչպես նաև որդեգրած երեխաները։

«Ты супер!» առաջին նախագծում Հայաստանը ներկայացրին Գյումրու և Վանաձորի մանկատան սաներ Անգելինա Պապիկյանն ու Սաբինա Մանվելյանը։

«Ես չէի մտածում, որ Մոսկվայի տարբեր բեմերում ելույթ ունենալու առաջարկ կստանամ։ Առաջին փուլն ինձ համար մի փոքր դժվար էր, միանգամից մեծ բեմում պետք է ելույթ ունենայի։ Այդպիսի պրոֆեսիոնալ ժյուրիի առաջ, իրոք, դժվար էր շատ», — ասաց Անգելինան։

Քրտնաջան աշխատանքն իր արդյունքը տվեց, և Անգելինան կարողացավ պատշաճ ելույթ ունենալ։ Այնուհետև երգելու առաջարկ ստացավ Կրեմլում:

«Չէի պատկերացնում, որ կարող եմ հայտնվել Կրեմլում և երգել Զառայի հետ։ Ես նրան շատ եմ սիրում։ Անկախ նման ճանաչում ունենալուց, նա իրեն շատ հասարակ էր պահում` ցույց տալով, որ մյուսների նման սովորական մարդ է։ Նա ինձ խորհուրդ տվեց քրտնաջան աշխատել, եթե ուզում եմ երգչուհի դառնալ», — պատմում է Անգելինան։

Անգելինային ամենից շատ տպավորել են ռուսական էստրադայի աստղերի հետ զրույցները։

«Նրանցից շատերը քչից են սկսել և մեծ բարձունքների հասել։ Ես նույնիսկ որոշ ընդհանրություններ հայտնաբերեցի։ Նրանցից ոմանք իրենց կարիերան սկսել են սիրողական մակարդակից: Ես նույնպես փորձում եմ տեսանյութեր ձայնագրել, տեղադրել սոցցանցերում. գուցե դա մարդկանց դուր գա։», — պատմում է Անգելինան։

Նաև բախտ վիճակվեց ծանոթանալ Գարիկ Մարտիրոսյանի հետ, ով հանդես եկավ թարգմանչի դերում:

Աղջիկը մրցույթում հաղթելու հույս չի ունեցել, քանի որ հասկացել է, որ մրցակիցների շարքում ավելի պատրաստված ու երաժշտական առումով կրթված երեխաներ կան: Սակայն կարճ ժամանակահատվածում նա հասցրեց նվաճել հեռուստադիտողների և սոցցանցի օգտատերերի սրտերը։

Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *